Երբևէ հրաժարական չեմ տվել, չեմ էլ պատրաստվում տալ. Արշալույսի համայնքապետ
Մեր գյուղը 4000-ից ավել բնակչություն ունի, 3000-ից ավել ընտրող ունի, իմ հրաժարական պահանջողներն ընդամենը 30 հոգի են, որոնք ամեն մեկը մի ձևով կապված են գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին գյուղապետի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը:
Ավելի վաղ հայտնել էինք Արշալույսում գյուղացիները պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, նրանք փակել են համայնքապետարան տանող ճանապարհը։
«Նրանք հրահրում են, ամեն ինչ անում են, որ մեր գյուղում կռիվ լինի: Գյուղապետարանի աշխատողների մեքենաների վրա նկարներ են կպցնում, ձվերով են խփում: Նրանց առավոտ շուտ խմիչք են բերում, խմացնում են, որ ակտիվ լինեն, նման բաներ անեն»,- ասաց նա:
Գրիգորյանը հավաստիացնում է`երբևէ հրաժարական չի տվել: «Չեմ էլ պատրաստվում հրաժարական տալ, այդ թեմայի մասին չեմ էլ ուզում լսել: Նրանցից ոչ ոք ինձ չի էլ ընտրել: 3100 ընտրող ունի մեր գյուղը, 30 հոգով կարողանալու են, ինձ ասեն` պետք է դո՞ւրս գաս»,- նշեց նա:
Հարցին` չի ՞ պատրաստվում հրաժարական տալ, նա պատասխանեց. «Ժամանակը կգա, գյուղապետարանը կբացվի, իրենք կգնան իրենց տները, գյուղապետարանի աշխատանքը բնականոն ընթացքի մեջ կընկնի: Այս տարի Արշալույսում համայնքապետի ընտրություններ կլինի: Ով կընտրվի, նա էլ կաշխատի, ի՞նչ է եղել»,- հայտարարեց Զարզանդ Գրիգորյանը:
Հարցին`առաջադրվելո՞ւ է, նա դրական պատասխան տվեց և նշեց. «Ով ինձ ընտրել է, ինքն էլի իր գործը գիտի»:
Նա հավաստիացրեց, որ իր դեմ բողոքի ակցիաներ իրականացնողները հսկայական հարկեր պետք է վճարեն, դրա համար են պայքարում իր դեմ: «Դրանք այն մարդիկ են, որ իմ հետ 3 անգամ պայքարել են համայնքապետի պաշտոնի համար և պարտվել են:
Հիմա երեքով միավորվել են, իրենց ընտանիքներով, իրենց թիմով իմ դեմ, նրանք առաջնորդվում են գեներալ Մանվելի կնոջ՝ Նազիկի հրամանով»,- եզրափակեց նա:
Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը 2008 թվականի մայիսի 25-ից Արշալույսի համայնքապետն է: