Թուրքական ընդդիմադիր թերթի 4 լրագրող դատապարտվել է ազատազրկման
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի 4 լրագրող դատապարտվել է ազատազրկման, այս մասին հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ լրագրողներ Հաքան Քարան, Մուստաֆա Քեմալ Գյունգյորն ու Մուսա Քարթը դատապարտվել են 1 տարի 16 օրվա, իսկ Էմրե Իփերը՝ 3 տարի 15 օրվա ազատազրկման:
«Ջումհուրիյեթ»-ի լրագրողների ու ղեկավար կազմի դատավճիռները հրապարակվել էին դեռևս 2018 թվականի ապրիլին, այժմ վճռաբեկ դատարանը հաստատել է մեղադրյալներից չորսի վճիռները, ինչից հետո այն մտնում է ուժի մեջ:
«Ջումհուրիյեթ» թերթը դեռևս 2016 տարվա մայիս ամսին էր հայտնվել իշխանությունների և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության կենտրոնում: Թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը ՄՃՓ («Միջազգային ճանապարհային փոխադրումներ») միջազգային բեռնափոխադրման մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում:
«Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթ»-ի թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին:
Այդ ժամանակ լուրը հերքած նախագահը սպառնացել էր թերթին և հայտարարել, թե «այդ լուրն անողը պատասխան կտա»: