Մնացականյանը և Լավրովը Մյունխենում քննարկել են ղարաբաղյան կարգավորումն ու երկկողմ օրակարգը
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը այսօր Մյունխենում հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու երկկողմ օրակարգը: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը:
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում:
«Ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ բարեկամական մթնոլորտում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր», - փոխանցում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մյունխենում են Անվտանգության 55-րդ համաժողովի շրջանակում: Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը երեկ մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: