Ճապոնական ծովի վիճելի կղզիներում մնացել է վերջին բնակչուհին
Ճապոնական ծովի արեւմտյան մասի Լիանկուր կղզիներում, որոնց ինքնիշխանությունը վիճարկվում է Սեուլի եւ Տոկիոյի կողմից, մնացել է վերջին բնակչուհին, տեղեկացնում է Լենտա Ռու-ն՝ հղում կատարելով Korea Herald-ին։
81-ամյա կորեուհի Կիմ Սին Յոլը ամուսնու հետ, որը մահացել է 2018 թվականի հոկտեմբերին, այստեղ բնակություն է հաստատել 1991-ին։ Նրանց ներկայությունը Լիանկուրում Հարավային Կորեան գնահատում էր որպես «կղզիների հանդեպ Սեուլի ինքնիշխանության խորհրդանիշ»։
Բացի ամուսիններից, կղզիներում մոտ 40 կորեացի ծառայողներ կային՝ փարոսը սպասարկող աշխատակիցներ եւ ոստիկաններ։ Սակայն Կիմ Սին Յոլը եւ նրա ամուսինը միակ ռեզիդենտներն էին, որ կղզում ապրում էին շուրջ տարին։
Կինը պնդում է, որ չի ծրագրում հեռանալ կղզուց ամուսնու մահվանից հետո, քանի որ «կյանքը Լիանկուրում թուլացնում է»։ Այնուամենայնիվ, ներկա պահին նա ստիպված է տեղափոխվել աղջկա մոտ՝ Փհոհան քաղաք, տան նորոգման պատճառով։
Մինչեւ 2017 թվականը Կիմ Սին Յոլն աշխատել է որպես պրոֆեսիոնալ սուզորդ՝ վաստակն ապահովելով ծովամթերքներ վաճառելով։
Լիանկուր կղզիների շուրջ վեճը սրվել է 2012-ի ամռանը, այն բանից հետո, երբ վիճելի տարածքներ այցելեց Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բաքը (2008-2013)։ Նրա այցից հետո Ճապոնիան Սեուլից հետ կանչեց իր դեսպանին։ Օգոստոսի 11-ին Տոկիոն առաջարկեց լուծել վեճը ՄԱԿ Միջազգային դատարանում, բայց Սեուլը հրաժարվեց։
Լիանկուր կղզիները, որոնք Կորեայում անվանում են Տոկտո, Ճապոնիայում՝ Տակեսիմա, Ճապոնիայի կողմից զավթվել են 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմից հետո։ 1910-1945 թվականներին Ճապոնիան անեքսիայի ենթարկեց Կորեայի ողջ տարածքը։ Կորեայի անկախությունը վերականգնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո։ Հիմա կղզիների հանդեպ հավակնություն ունի Հարավային Կորեան։