Ռուսական «Առաջին ալիք»-ը հեռացրել է Ալեքսանդր Դրուզին և Իլյա Բերին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծերից
Ռուսական «Առաջին ալիք»-ը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գիտակ Ալեքսանդր Դրուզին և «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման խմբագիր Իլյա Բերին հեռուստանախագծերից հեռացնելու որոշում է կայացրել, այս մասին gazeta.ru-ին տեղեկացրել է «Առաջին ալիք»-ի ներկայացուցիչը:
«Առաջին ալիք»-ում Ալեքսանդր Դրուզի և Իլյա Բերի քայլը համարում են անթույլատրելի, նրանք «գիտակցաբար միմյանց հանդեպ ունեցած կասկածների գերին են դարձրել հեռուստադիտողներին ու տասնյակ գործընկերների», որոնք կապ ունեն «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հետ:
«Վնաս է հասցվել նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ու «Առաջին ալիք»-ի հեղինակությանը», - ասել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Իլյա Բերը, «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում մեկնաբանելով ղեկավարության որոշումը, նշել է, որ ճիշտ է համարում այն:
Հիշեցնենք, որ օրերս «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստահաղորդման ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Իլյա Բերը մեղադրել էր Դրուզին խարդախության ու խաղը «գնելու» փորձի համար:
Բերը պատմել է, որ 2018 թվականի նոյեմբերին Դրուզը, մասնակցելով հաղորդմանը, նկարահանումներից առաջ առաջարկել է հեռուստածրագրի գլխավոր խմբագրին բացահայտել հարցերի ցուցակն ու դրանց պատասխանները՝ փոխարենը խոստանալով 3 մլն ռուբլի շահումի մի մասը:
Բերը նշել է, որ խարդախությունն ապացուցել կարողանալու համար նա փոխանցել է Դրուզին հարցերի պատասխանների միայն մի մասը, վերջին 5 հարցը նա փոխել է, և դրանց պատասխանները գիտակը նախապես չի իմացել: Դրուզը և նրա հետ խաղին մասնակցած գիտակ Վիկտոր Սիդնևը հասել են վերջին՝ 15-րդ հարցին ու չեն կարողացել պատասխանել դրան: Արդյունքում նրանք հեռացել են 200 000 ռուբլի շահումով:
Որպես իր մեղադրանքների ապացույց Բերը ներկայացրել է երկու ձայնագրություն, որտեղ գիտակը նրան անում է տվյալ առաջարկը:
Մինչդեռ Դրուզը, պատասխանելով իր դեմ մեղադրանքներին, նշել է, որ անազնիվ խաղի նրան դրդել է հենց Բերը: Դրուզի խոսքով՝ նա էլ որոշել է տեսնել, թե «որքան հեռու կգնա այդ մարդը»:
«Եվ մարդը գնաց ավելի հեռուն՝ սկսեց քննարկել գործարքի մանրամասները», - ասել է Դրուզը՝ նշելով, որ ինքը դիտավորյալ ձևացրել է, թե համաձայն է:
Գիտակը պնդում է, որ ինքն իրավիճակի մասին պատմել է իր հետ խաղին մասնակցող մյուս գիտակին՝ Վիկտոր Սիդնևին, որի հետ նրանք որոշել են հասցնել խաղը մինչև վերջին հարց, դիտավորյալ սխալ պատասխանել դրան, իսկ նկարահանումներից հետո բողոք ներկայացնել Բերի դեմ հաղորդման ղեկավարությանը:
«Վերջին հարցին, ինչպես պայմանավորվել էինք Սիդնևի հետ, մենք տվեցինք սխալ պատասխան, թեև երբ հարցը հնչեց, ես հասկացա, որ դրա պատասխանն ինձ հայտնի է... Հետ նայելով՝ հասկանում եմ, թե ինչ հիմար կերպ եմ վարվել: Ափսոսում եմ, որ այդպես ստացվեց», - նշել է Դրուզը: