Ինչով է զբաղված Ադրբեջանի ղեկավարությունը, ինչով՝ Հայաստանի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին ռազմաշունչ հայտարարություններ է անում, կրկին փորձում ճնշում գործադրել ինչպես հայկական կողմի, այնպես էլ համանախագահ երկրների եւ միջազգային հանրության վրա:
Իլհամ Ալիեւն իրեն բնորոշ ցինիկությամբ հայտարարում է, թե ժամանակակից աշխարհում այժմ իշխում է ուժի գործոնը, եւ որ ով ուժեղ է, նա էլ իրավացի է։
Ադրբեջանի իշխանությունը շարունակում է ամեն կերպ հարաբերություններն ամրապնդել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ, ունենալով Թուրքիայի եւ իսլամական մի շարք երկրների անվերապահ աջակցությունը:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչով է զբաղված Հայաստանի իշխանությունը: ՀՀ Ազգային ժողովում քծնանքի եւ նվիրվածության արտահայտության ժամեր են, իսկ այդ ընթացքում կամ դրան զուգընթաց մենք հաջողացնում ենք վատթարացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, իսկ Ռուսաստանի հետ պահպանում ընդգծված սառը եւ գնալով ավելի սառը հարաբերություններ, ավելի վաղ հաջողացնելով կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Ադրբեջանում հերոսացնում են իրենց չեղած հերոսներին, ժամանակին մի կերպ խաղաղություն մուրացող Հեյդար Ալիեւին, իսկ մեզ մոտ հաղթանակած զինվորականներին օրումեջ կանչում են դատախազություն եւ հարցաքննում, ՀՀ երկրորդ նախագահին, որը նաեւ Արցախի նախագահն է եղել կալանավորում ենք եւ ավելին, մի սկանդալային կնոջ ցուցմունքով նոր քրգործ հարուցում:
Բնականաբար այս ամենը տեսնում է Իլհամ Ալիեւը եւ ոգեւորվելով հայտարարում, թե իրենք ուժեղ են եւ հարցը պետք է լուծեն իրենց օգտին: Իսկ այս ընթացքում քննիչները հարցաքննում են հաղթանակած հայ զինվորականներին:
Հակոբ Ասատրյան
Top-News.am