Երկիր, որտեղ քրգործ են հարուցում մի սկանդալային կնոջ ցուցմունքներով
Սկանդալային Սիլվա Համբարձումյանը հերթական անգամ հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում: Այս կնոջ ցուցմունքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր քրգործ է հարուցվել: Նա ասում է, թե 2008 թվականին 2 միլիոն դոլար է փոխանցել գործարար Սամվել Մայրապետյանին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին փոխանցելու համար։
«Ես գործարք եմ արել, գործարքիս չխանգարելու համար, որի միջնորդը Մայրապետյան Սամվելն է, ես Սամվելին եմ փոխանցել, որ հասցնի երեք հոգու՝ Քոչարյան, Արմեն Գևորգյան, Սերժ Սարգսյան», - ասել է Համբարձումյանը եւ ավելացրել, թե ինքն է գումար տվել Մայրապետյանին, եւ որեւէ մեկն իրենից գումար չի պահանջել:
Ամենավատն այն է, որ այս անհեթեթությունները, որ այս ամենը հիմք է անդիսանում ՀՔԾ-ի համար քրեական գործ հարուցելու համար: Փոխանակ Սիլվա Համբարձումյանով լրջորեն զբաղվեն, նրա ասածներով մարդկանց ճակատագրերի հետ են խաղում:
Սիլվա Համբարձումյանի այսօրվա պնդումները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ անհեթեթ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Սիլվա Համբարձումյանը պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Այսպես, շատերը դեռ հիշում են, որ յոթ տարի առաջ Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նրան ապտակել էր Սուրիկ Խաչատրյանը, որից գործարար կինը կրկին խոշոր գումար կամ տեխնիկա էր պահանջում, պնդելով, թե Սյունիքի այն ժամանակվա մարզպետն իրեն պարտք է: Առավել հետաքրքրասերների համար ասենք, որ խոսքը հարյուր միլիոն դոլարից ավելի գումարի մասին է:
Երեք տարի առաջ նա արդեն իրեն հսկայական վնաս պատճառելու մեջ մեղադրում էր «Արմաշ» ընկերության սեփականատերերին: Այս միջադեպից շատ չանցած նա արդեն պնդում էր, որ իրեն 70 հազար դոլար է պարտք Վարդան Այվազյանը:
Անցյալ տարի լրատվամիջոցներից մեկը գրեց, թե Սիլվա Համբարձումյանը արաբ մի շեյխից հաջողացրել է «քցել» մոտ տասը միլիոն դալար:
Սիլվա Համբարձումյանը խոսում է տասնյակ միլիոնավոր դոլարների մասին: Ստացվում է, որ այս կինն այնքան հարուստ է, այնքան միջոցներ ունի, որ միլիոնավոր դոլարների միայն կաշառք է տալիս, այն էլ մի քանի անգամ: Կարծում ենք, այս ամենը պարզաբանման կարիք է զգում:
Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով, ըստ մամուլի հրապարակումների, կարծես թե, քրգործ էր հարուցվել նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ:
Սիլվա Համբարձումյանի ասածների հիման վրա քրգործեր են հարուցվում, մարդիկ զրկվում են ազատությունից:
Ցավոք, ժամանակն անցնում է, իսկ իշխանությունները շարունակում են նույն գործելաոճը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am