Ինչու Արագածոտնի մարզպետը վարորդ չի գտնում
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն արդարացի է համարում, որ իրենք պարգեւավճար են ստացել, որ 7-8 մլն դրամ պարգեւավճար են ստացել, բայց միաժամանակ նեղսրտում է, որ չի կարողանում վարորդ գտնել, որին պատրաստ են ամսեկան 80 հազար դրամ վճարել:
Իսկապես, ցնցող տրամաբանություն: Նա արդարացի է համարում, որ մարզպետարանում 7-8 միլիոն դրամի պարգեւավճար են բաժանել, չգիտես ինչի համար, բայց իրեն սպասարկող վարորդին ուզում է ընդամենը 80 հազար դրամ վճարել:
Ամենահետաքրքիրն այն է, որ նա ընդունում է, որ 80 հազար դրամ աշխատավարձը ցածր է եւ որպես հերթապահ արտահայտություն նշում, թե աշխատավարձերը պետք է բարձրանան:
Մարզպետը 80 հազար դրամով հաստատ վարորդ չի գտնի, ավելին, նրան խորհուրդ ենք տալիս, որ եթե ինչ որ մեկը կհամաձայնի այդ գումարով աշխատել, ապա նրան աշխատանքի չընդունի, քանի որ այն տղամարդը, որը պատրաստակամություն է հայտնում 80 հազար դրամով աշխատել կամ այլ, ոչ բարի մտադրություններ ունի կամ ...
Ընդհանրապես, 50-80 հազար դրամ աշխատավարձերն իսկական չարիք են դարձել մեր երկրի համար: Այս աշխատավարձերը մեր երկրի զարգացման արգելակներն են: Հիմնականում աղջիկներին, կանանց 8-10 անգամ 12 ժամ աշխատեցնելուց հետո վճարում են 60 կամ 80 հազար դրամ:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում նման աշխատավարձով եւ նման պայմաններում աշխատողների առողջության եւ նյարդային համակարգի հետ: Լարված աշխատանք, հիմնականում առանց հանգստանալու, ոտքի վրա, հաճախ թունավոր արտադրամասերում, հաճախ փոշու մեջ, հաճախ սուպերմարկետներում՝ 8-10 ժամ ոտքի վրա եւ անդադար սպասում, որ շուտով կտուգանվեն ղեկավարության կողմից եւ կզրկվեն առանց այն էլ չնչին աշխատավարձի մի մասից:
Եւ եթե Արագածոտնի մարզպետը 80 հազար դրամով վարորդ չի գտնում, ապա պետք է ուրախ լինի, որ արագոծտնեցիներն առողջ մտածողություն ունեն: Որքան երկար Արագածոտնի եւ մյուս մարզերի ղեկավարները մնան առանց վարորդ, այնքան ավելի արագ կբարձրանան աշխատավարձերը: Ի վերջո մարդուն 10 եւ նույնիսկ 8 ժամ աշխատեցնելուց հետո նրանց 80 հազար դրամ վճարելը մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործություններից մեկն է:
Հակոբ Ասատրյան
Top-News.am