Դատարանը մասնակի բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի. չորս հոդվածները կհերքվեն, ու կբռնագանձվի 400 հզր դրամ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Երիցյանը, քննարկելով Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջները, քաղաքացիական գործով վճիռ է կայացրել՝ հայցը բավարարելով մասնակի:
1in.am լրատվական կայքը պետք է հերքում տեղադրի չորս հոդվածի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, պետք է հայցի Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը, և պետք է կայքից բռնագանձվի 400 հզր դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: 1մլն 600 հզր դրամ ոչ նյութական վնասի բռնագանձման պահանջը դատարանը մերժել է:
Դատարանը վճռել է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին բավարարել մասնակի:
Դատարանը www.1in.am ինտերնետային կայքին պարտավորեցրել է 07.06.2018 թվականին հրապարակված՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, վերջինս կալանավորվել է», 23.06.2018 թվականին հրապարակված` «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թվականին հրապարակված՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան», 28.06.2018 թվականին հրապարակված՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ.
վճիռը օրինական ուժի ստանալուց հետո երկու օրվա ընթացքում առավոտյան ժամը 09:00-ին (սահմաններում) www.1in.am ինտերնետային կայքում հրապարակել հերքում (հերքման տեքստի հրապարակման տառատեսակը և ձևավորումը պետք է լինի նույնը, ինչ հրապարակված չորս հոդվածները):
Պետք է նշվի, որ չորս հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է: Լրատվամիջոցը պետք է հայցի Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար:
Դատարանի վճռով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հայցը` մնացած` 1.600.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժել:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: