Կոտայքի մարզպետի հուզառատ գրառումն իր կողմից տրամադրված աննախադեպ պարգեւավճարների կապակցությամբ
Երբ հանրությանը հայտնի դարձավ, որ Կոտայքի նորաթուխ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թիմակիցներին մոտ 11-12 հազար դոլարի պարգեւավճար է բաժանել, նա որոշեց հուզառատ տեքստով դիմել հանրությանը:
Հենց ամենասկզբում մարզպետը, մեղմ ասած, կոպիտ սխալ է թույլ տալիս, որին արդեն պետք է հետեւեր նրա հրաժարականը կամ պաշտոնանկությունը: Ռոմանոս Պետրոսյանն ասում է. «Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ և ԶԼՄ ներկայացուցիչնե՛ր, թեև ես ինձ համար որպես սկզբունք եմ որդեգրել՝ չանդրադառնալ ամեն տեսակի բամբասանքի...»:
Սա արդեն իսկ բավական է պատկերացում կազմելու համար, թե ում կամ ինչ տեսակ մարդու հետ գործ ունենք: «Հետքը» փաստարկված եւ անհերքելի փաստերով նյութ է հրապարակել, որը արտատպել կամ որի հիման վրա այլ լրատվամիջոցներ եւս անդրադարձել են այս խնդրին, իսկ մարզպետն ասում է, թե գործ ունենք բամբասանքի հետ:
Այսքանից հետո այլեւս անիմաստ է անդրադառնալ նրա գրածին: Միայն ավելացնենք, որ երբ Top-News.am-ի հրապարակման ներքո մի օգտատեր մարզպետին հուշում է, որ բամբասանքի մասին խոսք անգամ չկա, Ռոմանոս Պետրոսյանը երկրորդ սխալն է թույլ տալիս եւ գրում. «Խոսքը «Հետքի» պատրաստած նյութից սկիզբ առած բամբասանքների ու նաեւ այդ նյութի մեջ տեղ գտած կարեւորագույն փաստերը մանիպուլյացնելով, բամբասանքներ տարածող մի շարք լրատվամիջոցների մասին է»:
Հիշեցնենք, որ Կոտայքի նորաթուխ մարզպետը Ռոմանոս Պետրոսյանը 2018 թ-ի դեկտեմբերի 17-ին ստորագրել է «N 198 Ա» կարգադրությունը, որը վերնագրված է «ՀՀ Կոտայքի մարզպետարանի մի խումբ աշխատողների պարգևատրելու մասին»: Մարզպետարանի աշխատակիցները որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից:
Այդ կարգադրությամբ պարգևավճարներ են ստացել հետևյալ անձինք.
Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյան- 460 հազար 334 դրամ
Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյան- 460 հազար 334 դրամ
Մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյան- 460 հազար 334 դրամ
Մարզպետի օգնական Գևորգ Առուստամյան- 258 հազար 938 դրամ
Մարզպետի օգնական Անի Չիլինգարյան- 258 հազար 938 դրամ
Մարզպետի տեղակալի օգնական Մարիամ Հակոբյան- 172 հազար 625 դրամ
Մարզպետի տեղակալի օգնական Սաթենիկ Միքայելյան- 172 հազար 625 դրամ
Մարզպետի տեղակալի օգնական Պավել Ցուգունյան- 172 հազար 625 դրամ
Մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյան- 426 հազար 384 դրամ
Պարգևատրվել են նաև վարչությունների պետեր Գրիգոր Գուլյանը, Տարոն Գևորգյանը, Լիլիթ Ստեփանյանը, Վահագն Ոսկանյանը, Հարություն Ալեքսանյանը և Մհեր Եղիազարյանը, քարտուղարության պետը և ներքին աուդիտի բաժնի պետը գլխավոր երեք մասնագետը: Պարգեւատրումների ընդհանուր չափը կազում է 5 միլիոն 792 հազար 728 դրամ:
Կոտայքի մարզպետի տեղակալներ Առնակ Ավետիսյանը, Վասակ Վարդանյանը և Լարիսա Մադոյանը նշանակվել են 2018թ. հունիս ամսին և մինչև պարգևատրվելը աշխատել են ընդամենը 6 ամիս: Մարզպետի օգնական Անի Չիլինգարյանն աշխատել է ընդամենը երեքուկես ամիս: Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանը աշխատել է չորսուկես ամիս: Պարգևատրվածների ցանկում է նաև ԱԺ գործող պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր մինչև 2018թ. հոկտեմբերի 30-ը: Դրանից հետո անցել է աշխատանքի մարզպետարանում, իսկ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Մարզպետարանում փաստացի աշխատել է մոտ մեկուկես ամիս:
Մեկ ուշագրավ հանգամանք՝ մարզպետն իրեն պարգեւավճար չի հատկացրել: Եւ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ:
Top-News.am