Մոսկվան դիվանագիտական էթիկայից դուրս է համարում Բաքվի մեկնաբանությունների տոնը
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի հայտարարությանը` կապված հայկական արմատներով ռուսական քաղաքացիներին Ադրբեջան չընդունելու հետ: ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք դիվանագիտական էթիկայի սահմաններից դուրս ենք համարում մեկնաբանության տոնը։ Պակաս անհասկանալի չէ դրա բովանդակությունը, որը բերում է Ադրբեջան այցելող ռուսական քաղաքացիների նկատմամբ խտրականության թեման «չծածանելու» պահանջին, որպես իբր պակաս կարեւորի՝ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ֆոնին:
Այս մոտեցումը, անշուշտ, անթույլատրելի է: Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը մեր արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթություններից մեկն է, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի ղեկավարության ներքո։ Դրա հետ մեկտեղ, երկկողմ բարեկամական հարաբերությունների առկայությունն այս կամ այն երկրում, սովորաբար համարվում է որպես նպաստող գործոն՝ կառուցողական խնդիրների լուծմանը տվյալ ոլորտում:
Գործին ուղղակիորեն չառնչվող ընդհանուր դատողությունների փոխարեն, մենք կցանկանայինք առարկայական բացատրություն լսել ռուսների հետ յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ տերմինաբանությամբ, այդ «մասնավոր դեպքերի» թվում կան նաեւ այնքան աղաղակողները, ինչպես Հայրենական Մեծ պատերազմի, վետերան, բլոկադայի ենթարկված Լենինգրադի 80-ամյա բնակչուհուն 2018թ․-ի մայիսին մուտքի թույտվություն չտրամադրելն է կամ 2017թ․-ին երկիր արգելել մտնելը մի կնոջ, որին իր չորսամյա որդու հետ բազմաթիվ ժամեր պահել են հատուկ վայրում։
Նաեւ մենք ակնկալում ենք պաշտոնական պարզաբանում դիվանագիտական ուղիներով ադրբեջանական կողմից արվող ակնարկների առիթով՝ ռուսական քաղաքացիներին Ադրբեջան այցելելու համար Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հետ համաձայնեցման անհրաժեշտության մասին, ինչը կարող է խախտում համարվել 1997թ․ հուլիսի 3-ի Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների անվիզա այցելությունների մասին համաձայնագրի։
Կախված ադրբեջանական կողմի բովանդակային արձագանքից՝ մենք կորոշենք մեր հետագա քայլերը»: