Սիրիայի քուրդ զինյալները հայտարարել են թուրքական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող ահաբեկիչների ձերբակալման մասին
Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված ջոկատների հրամանատարությունը տեղեկացրել է Մանբիջի մոտակայքում երկու գրոհայինի ձերբակալման մասին, քուրդ զինյալների պնդմամբ՝ ձերբակալվածները նոր ահաբեկչական հարձակումներ են ցանկացել իրականացնել Մանբիջում և կապ ունեն թուրքական հատուկ ծառայությունների հետ:
Ինչպես գրում է diken.com.tr կայքը, ձերբակալվածների մոտ գտնվել ու առգրավվել են պայթուցիկներ, «Կալաշնիկով» և այլ տեսակի ինքնաձիգներ:
Թուրքական պաշտոնական շրջանակները դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել քրդերի այս հայտարարությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մահացել էր 27 մարդ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով պայթյունը, նշել էր, որ այն կարող է կազմակերպված լինել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս բերման մասին ԱՄՆ իշխանությունների որոշման վրա ազդելու նպատակով:
Հիշեցնենք, որ թուրքական ԶՈւ-ն մտադիր է ռազմական գործողություն նախաձեռնել սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցն են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում:
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Էրդողանը քննարկել է Մանբիջում տիրող իրավիճակը, ինչից հետո հայտարարել է, որ իրենք կարողացել են «պատմական նշանակություն ունեցող փոխըմբռնման գալ»: