ԻՀՊԿ-ի հրամանատարը Նեթանյահուին խորհուրդ է տվել չքաշել առյուծի պոչից
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մուհամմեդ Ալի Ջաֆարին ծաղրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ կապված Սիրիայից զորքերը դուրս բերելու Իրանին արված կոչի հետ՝ հայտնում է Tasnim-ը։
Նա Նեթանյահուի սպառնալիքներն անվանել է անհեթեթ եւ ծիծաղելի։ «Մենք այս իսլամական երկրում կպահպանենք բոլոր զինվորականներին եւ հեղափոխական խորհրդատուներին, ինչպես նաեւ՝ տեխնիկան եւ զենքը, որոնք մենք ունենք իսլամական դիմադրության զինվորների ուսուցման եւ հնարավորությունների ընդլայնման համար եւ Սիրիայի ճնշված ժողովրդի աջակցության համար»,- նշել է իրանցի գեներալը։
«Դուք շատ լավ գիտեք, որ իրանական ռազմական ստորաբաժանումներն այնքան հզոր եւ տպավորիչ են, որ եթե դուք դրանցից թեկուզ մեկը տեսնեիք Սիրիայում, կսարսափեիք»,- ընդգծել է նա։
Ջաֆարին Իսրայելին կոչ է արել չքաշել առյուծի պոչից եւ հավելել է․ «Վախեցեք այն օրից, երբ իրանական սուրացող հրթիռները ձեր վրա կընկնեն, որպեսզի վրեժ լուծեն տարածաշրջանում ճնշված մուսուլմանների արյան համար»։