Ադրբեջան է այցելել Իրանի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը
Հունվարի 16-ին ադրբեջանական կողմի հրավերով Բաքու է մեկնել Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունել են Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը, հայտնում է RazmInfo-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի և ՊՆ կայքերը:
Պաշտպանության նախարարությունում իրանական պատվիրակությանը ընդունել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և տեղակալները, այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը: Ընդունելությանը ներկա չի եղել Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը, քանի որ բացակայում էր երկրից:
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական և ռազմական կրթության ոլորտին առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությունը: Հանդիպման ավարտին երկու կողմերը ստորագրել են նաև հանդիպումն ամփոփող արձանագրություն։