Արդեն հոգնեցինք ձեր սխալներից
Երբ մարդը այնտեղ չէ, որտեղ պետք է լինի, երբ մարդը հավատում է, որ ինքը հենց այնտեղ է, որտեղ երբեք չպետք է լիներ մի շարք պատճառներով, ապա ունենում է ահա այսպիսի ելույթ.
«Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, եւ մեր անմիջական հարեւան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաեւ միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը եւս անպայման ունենալու է իր դրսեւորումները դիվանագիտության մեջ»:
Հայկ Կոնջորյան: Նա պատգամավոր է: Նա մի ժամանակ ներկայացնում էր «Լուսավոր Հայաստանը», հետո սահուն անցում արեց դեպի «Քաղաքացիական պայմանագիր», թե «Իմ քայլը» դաշինք: Եւ նա ահա այսպիսի ելույթ է ունենում: Ոմանք ասում են երեխայական, ոմանք ասում են, թե հատուկ պատվերով, ոմանք ասում են քծնելու համար:
Այնպիսի տպավորություն է, կարծես թե նա առաջին անգամ էր քարտեզին նայել եւ տեսել ՀՀ սահմանակից պետություններին ու որոշել ցուցադրել իր գիտելիքները: Բայց սա առաջին տպավորությունից: Եթե մենք ծանոթանանք այս խայտառակ ելույթից հետո նրա պարզաբանմանը, ապա կհասկանանք, որ նա հատուկ դիտավորությամբ է նման ելույթ ունեցել, քանի որ կրկին Իրանը համարել է ավտորիտար:
Այստեղ են ասել՝ նախ դուք ձեզ նայեք, ձեր ժողովրդավարության չափը որոշեք, ձեր ավտորիտար քվեարկություններին նայեք, եւ հետո նոր անդրադարձեք Իրանին:
Շատ չե՞ն կառավարող ուժի այս կամ այն ներկայացուցիչների բլթոցները, շատ չե՞ն նրանց կոպիտ վրիպումները:
«Յուրաքանչյուրը պետք է իր սխալների վրա սովորի. Ես կարող էի ամենատարբեր ձեւերով լղոզել ասածս, բայց ես ասում եմ, որ սխալներից պետք է սովորել»: Երիտասարդ, գնա կատուների վրա պարապիր, ինչպես Գայդայի հերոսներից մեկը խորհուրդ տվեց Ցանցառին: Հայաստանի խորհրդարանը քեզ համար մանկապարտեզի կրտսեր խումբ չէ, որ սխալվես ու սովորես:
Սովորեք, պարոնայք, սովորեք: Բայց կան տարրական գիտելիքներ, տարրական քաղաքագիտական նորմեր, որոնք արդեն սովորած են գնում խորհրդարան, կամ էլ մտնում քաղաքականության մեջ: Մինչեւ ե՞րբ եք սովորելու, եւ դեռ ինչքա՞ն եք խայտառակելու եւ խայտառակվելու: Ախր դրանով դուք վարչապետին եք հարվածի տակ դնում: Ախր նա չի կարող խիստ ուսուցչի պես ամեն անգամ ձեր ելույթները ստուգի, նոր ուղարկի Աժ ամբիոն:
Հարգարժան մի գործիչ խորհուրդ տվեց կառավարող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարին ընդունել սխալը եւ անցնել առաջ: Մնում է ասել՝ ո՞վ նման պատասխանատվություն կվերցնի իր վրա: Մակո՞ւնցը, այն աղջիկը, որը քաղաքականությունից հեռու է հարյուր հազարավոր կիլոմետրերո՞վ: Ոչ, նա նման քայլի երբեք չի դիմի: Նրանց քայլն ուրիշ առվեն է:
Աննա Բաղդասարյան
Top-News.am