«Հալեպի դեղին մարդը». սիրիական քաղաքի բնակիչը 35 տարի շարունակ միայն դեղին հագուստ է կրում (լուսանկարներ)
Սիրիայի Հալեպ քաղաքում բնակվող 68-ամյա Աբու Զաքքուրն իր կյանքի վերջին 35 տարին բացառապես դեղին գույնի հանդերձանք է կրում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, տղամարդը քաղաքում վաղուց հայտնի է որպես «Դեղին մարդ»: Նրա յուրօրինակ հագուկապի պատմությունն սկսել է 1983-ի հունվարին, երբ սիրիացին որոշել է, որ միայն դեղին գույնի հագուստ է կրելու, քանի որ այդ գույնը նրա համար սիրո խորհրդանիշ է:
Այդ օրվանից ի վեր նրան միայն դեղին հագուստով են տեսել: Նա ամեն ինչ դեղին երանգի է ընտրում, նույնիսկ ներքնազգեստն ու տարատեսակ աքսեսուարներ, ինչպես օրինակ՝ գլխարկն ու փողկապը: Նրա անձրևանոցը և սմարթֆոնի պատյանը նույնպես դեղին են:
Երբ նա չի կարողանում գտնել իր որոնած իրը դեղին գույնով, նա վերցնում է եղունգի դեղին լաքն ու ներկում իրերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սիրիացու տանը որոշ իրեր նույնպես դեղին են, ինչպես օրինակ՝ խոհանոցային սեղանն ու սփռոցը, մահճակալի ծածկոցն ու աղբամանը:
Նա իր ոճը չի փոխել նաև երկրում պատերազմ սկսելուց հետո, ինչն ստիպել է տեղաբնակներին տարբեր պատմություններ հյուսել նրա մասին: Նրանցից ոմանք պնդում էին, որ նա Ասադի ռեժիմի համար տեղեկություններ է հավաքում, մյուսները նրա արտառոց տեսքը կապում էին ԻՊ-ի կամ «Ալ-Քաիդայի» հետ: