Չինական զոնդը Երկիր է փոխանցել Լուսնի հակառակ կողմի համայնապատկերային լուսանկարներ
Չինական «Չանե-4» տիեզերական սարքը, որը հունվարի 3-ին մարդկության պատմության մեջ առաջին անգամ հաջող վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, կատարել է Երկրի բնական արբանյակի մակերեւույթի համայնապատկերային լուսանկարներ: Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով Չինական ազգային տիեզերական վարչությանը (CNSA):
Համայնապատկերային լուսանկարները 360 աստիճանով կատարվել են տիեզերական զոնդի վերին հատվածում տեղադրված խցիկով: Պատկերները Երկիր են փոխանցվել Queqiao արբանյակի միջոցով:
CNSA-ից նշել են, որ այս արբանյակն աշխատում է Երկիր-Լուսին երկրորդ լագրանժային կետի շուրջ, մոլորակից մոտ 455 հազար կմ հեռավորությամբ, որտեղից այն կարող է տեսնել ինչպես Երկիրը, այնպես էլ Լուսնի հակառակ կողմը:
Չինական «Չանե-4» տիեզերական սարքը Լուսնի հակառակ կողմում հաջող վայրէջք էր կատարել հունվարի 3-ին: Վայրէջքից գրեթե անմիջապես հետո զոնդը Երկիր էր ուղարկել Լուսնի հակառակ կողմի մակերեւույթի առաջին լուսանկարները: