Անսպասելի դատավճիռ. Նորատուսցի Ալիկն եւ Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվեց Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։ Դատարանից NEWS.am–ի լրագրողը հայտնում է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով՝ գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկն արդարացվեց և անմեղ հռչակվեց միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու համար և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը մեղավոր ճանաչեց խմբի կազմում միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից, իսկ Ալիկ Բանդուրյանի թիկնապահը՝ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանն արդարացվեց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու համար։
Դատարանից դուրս գալուց հետո NEWS.am–ի հարցին ի պատասխան՝ Ալիկ Բանդուրյանը նշեց, որ առաջին հերթին գնալու է հիվանդանոց՝ բուժվելու, իսկ Պետրոս Իսրայելյանն ասաց, որ անմիջապես գնալու է տուն։ Նշենք, որ Արմեն Գասպարյանն, ով այսօր արդարացվեց, ազատ չարձակվեց դատական նիստերի դահլիճից, քանի որ կալանքի տակ է մեկ այլ քրեական գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:
Այս գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ։ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու մեջ։
Արմեն Գասպարյանն էլ մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության` Մուշեղ Մուշեղյանի սպանության մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։