Արարատում պահանջում են քաղաքապետի հրաժարականը
Արարատ քաղաքում մոտ 20 քաղաքացի վաղ առավոտից հավաքվել է քաղաքապետարանի դիմաց։ Նրանք փակել են մուտքն ու պահանջել Հանրապետական քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։
Դեպքի վայր են ժամանել նաև մի խումբ ոստիկաններ, ովքեր փորձել են հանդարտեցել ցուցարարներին։ Քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսել։ Այդուհանդերձ, ոստիկաններին հաջողվել է ապահովել քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։
Ակցիայի կազմակերպիչները վստահեցնում են, թե ունեն 500 մարդու ստորագրություն, ովքեր միանում են քաղաքապետի հրաժարականի պահանջին։ Մինչդեռ քաղաքապետարանի աշխատակիցները հակադարձում են՝ նշելով, որ ստորագրությունները հավաքել են խաբեությամբ, իսկ իրականում ցուցարարների թիվը հազիվ 20-ի է հասնում։
«Մի քանի անշնորհք տղան ուղղակի փորձում են աղմուկ բարձրացնել, որպեսզի տեսնեն, թե ինչ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը։
Քաղաքապետն իր հերթին նկատել է, որ ինքն ամենևին էլ չի պատրաստվում 15 հոգու պահանջով հրաժարական տալ։
Այս պահին ոստիկանները շարունակում են հսկել քաղաքապետարանի մուտքը։