Լևոն Մնացականյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. Դավիթ Բաբայան
Կադրային քաղաքականությունն ամենադինամիկ ոլորտն է, ու կադրերերի փոփոխությունը բնականոն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությանը։
«Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է իր դիմումի համաձայն ու նշանակվել է ոչ պակաս կարևոր ուղղությունում՝ Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն», – ասաց Դավիթ Բաբայանը։
Վերջինս չմեկնաբանեց, թե ազատման դիմումում, ինչ պատճառ է նշել Լևոն Մնացականյանը։
«Գեներալ-լեյտենանտ Մնացականյանը մեր լավագույն գեներալներից, հրամանատարներից մեկն է, անցել է մեծ ճանապարհ, մեծ հարգանք է վայելում, մեծ ներդրում ունի բանակաշինության, Արցախի Պաշտպանության բանակի զորացման գործում սա միանշանակ է։ Մյուս կողմից մեր բանակի ձեռքբերումներից մեկն էլ նաև այն է, որ ստեղծվել է հզոր համակարգ, և բանակը հիմնված է ոչ միայն անհատականությունների վրա այլև բոլոր օղակների։ Նոր հրամանատար պարոն Աբրահամայնը նույնպես պատրաստված սպա է, անցել է մեծ ճանապարհ», – ասաց Դավիթ Բաբայանը։