Յուվեցի Կարոյից տուժածները միավորվում են, որդիները՝ թաքնվում
ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի սպանությունից հետո նոր պատմություններ են ի հայտ գալիս նրա «ռեկետյորական» գործունեության մասին:
Մասնագիտությամբ իրավաբան, բայց իրավաբանությունից կիլոմետրերով հեռու այդ սկանդալային պատգամավորից տուժել են առանց խտրականության: Նրանից տուժել են ոչ միայն ընկերները, գործընկերները, համագյուղացիները, այլ նաև խնամիները:
Չար լեզուներն ասում են, որ մինչև սպանվելը Կարոն հասցրել է իրենով անել այս տարեսկզբին կասկածելի հանգամանքներում մահացած իր փեսայի՝ Գոռ Առաքելյանի օբյեկտները: Խոսքը Շենգավիթ վարչական շրջանի Գործարանային մետրոյի հարակից տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետերի մասին է:
Հիշեցնենք, որ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին հայտնաբերել էին 2018թ. հունվարի 27-ի առավոտյան՝ Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում: Նրա վրա բռնության հետքեր չէին հայտնաբերել: Բայց նրա անունը հանրությանը հայտնի դարձավ 2014թ. մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների դեպքից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը, Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, փորձել էր ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաև անկանոն կրակ էր բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաև երկու և ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար: Նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտել 6,5 տարվա ազատազրկման, իսկ ավելի ուշ ազատ արձակվել Սերժ Սարգսյանի ներմամբ:
Չար լեզուներն ասում են, որ Յուվեցի Կարոն ավելի վաղ տիրացել էր նաև իր մեկ այլ խնամու՝ որդիներից մեկի աներոջ ավտոտեխսպասարկման կետերին:
Կարո Կարապետյանին առնչվող դատական գործերում բազմաթիվ դրվագներ կան՝ կապված իր շրջապատի անձանց, գործընկերներին ունեզրկելու հետ, կասկածելի մահվան դեպքեր կան, որոնց հիմքում գույքային, փողային վեճերի պատմություններն են:
Այժմ տեղեկություններ կան, որ պատգամավորի սպանությունից հետո նրանից տուժածները համախմբվում են՝ իրենց կորցրածը նրա իրավահաջորդներից հետ ստանալու նպատակով: Նրա որդիները փորձում են խուսափել հորից տուժածների հետ հանդիպումներից և աշխատում են տնից դուրս չգալ՝ զգուշանալով հնարավոր հետևանքներից:
Հիշեցնենք, որ Յուվեցի Կարոն սպանվեց երկու ամիս առաջ՝ 2018թ.-ի հոկտեմբերի 6-ին, Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատանը՝ հերթական փողային վեճի ժամանակ:
Ըստ պաշտոնական վարկածի՝ նրան սպանել է ԱԺ նախկին պատգամավոր, Կարամելի Հարութ մականունով Հարություն Ղարագյոզյանը, իսկ հաջորդ օրը իբր ինքնասպան եղել: