Կրակոցներ Ստրասբուրգում. կասկածյալը տաքսիով փախուստի է դիմել դեպքի վայրից (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված անցած գիշեր Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգության հետ, որի հետևանքով զոհվել է 3, վնասվածքներ ստացել 12 մարդ:
Ինչպես փոխանցում է BFM-ը, Կաստաները հայտնել է, որ կասկածյալն ավելի վաղ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:
Նախարարը նշել է, որ նրա վերաբերյալ դատական վճիռներ են կայացվել Ֆրանսիայում և Գերմանիայում:
Հայտնի է, որ հանցագործը շարունակում է ազատության մեջ մնալ. նա տաքսի է կանգնեցրել ու փախել դեպքի վայրից: Տաքսու վարորդը ոստիկաններին հայտնել է, որ տղամարդը վիրավոր է եղել:
Ավելի վաղ նշվել է, որ կասկածյալին հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ աշխատում է շուրջ 350 ոստիկան:
Բացի այդ, հանցագործին գտնելու համար հատկացվել է նաև երկու ուղղաթիռ:
Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտարկում են որպես ահաբեկչական գործողություն: Դեպքի առթիվ Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել: