Ուկրաինայի իշխանությունները Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ հետախուզում են հայտարարել
Ուկրաինայի իշխանությունները հայկական ծագումով ռուս գործարարներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին կասկածում են առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է ՆԳՆ կայքի հետախուզման մեջ գտնվողների բաժնում՝ հայտնում է Korrespondent.net.-ը։
Նշվում է, որ Սարկիսովները ընթացիկ տարվա սեպտեմբերի 24-ից թաքնվում են Ուկրաինայի նախաքննական մարմիններից։ Խափանման միջոց նրանց հանդեպ չի ընտրվել։
59-ամյա Սերգեյ Սարկիսովը Ռուսաստանի քաղաքացի է, գործարար, կինոպրոդյուսեր եւ կինոռեժիսոր։ Նա նաեւ «РЕСО-գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական սեփականատերերից մեկն ու տնօրենների խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ՝ Ապահովագրողների համառուսական միության փոխնախագահը։
2007թ․ Սերգեյ Սարկիսովը «РЕСО-գարանտիա»-ի բաժնետոմսերի 33 տոկոսը վաճառել է ֆրանսիական АХА ապահովագրական խմբին։
Նրա կրտսեր եղբայրը՝ 50-ամյա Նիկոլայ Սարկիսովը, նույնպես «РЕСО-գարանտիա»-ի ղեկավարներից է։