Փաշինյանի համար սկսված բարդ փուլը, «կադրային քաղցը» ու Բաքվի ակնկալիքները. The Insider
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին անդրադարձել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ: Մասնավորապես՝ The Insider-ը գրում է, որ համոզիչ հաղթանակ տանելուց, գործադիր և օրենսդիր իշխանությունների լիարժեք վերահսկողությունը ստանալուց հետո, Նիկոլ Փաշինյանի համար սկսվում է նոր, բարդ փուլ՝ իր տված խոստումները կյանքի կոչելու ժամանակը:
«Փաշինյանը նախևառաջ պետք է երկրում բարելավի սոցիալ-տնտեսական դրությունը: Եվ եթե նախկինում առաջընթացի բացակայությունը հնարավոր էր պատճառաբանել ԱԺ արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու, բավականաչափ լծակներ չունենալու փաստով, ապա այսուհետ ներդրումների բացակայության, նոր աշխատատեղերի չստեղծման մեղքն այլևս չի ստացվի հին իշխանությունների վրա բարդել»,-գրում է աղբյուրը՝ ընդգծելով, որ թե՛ «թավշյա հեղափոխության», թե՛ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը շատ շռայլ է գտնվել խոստումների հարցում:
Նշվում է, որ տնտեսական աճի ապահովման համար, երկրին անհրաժեշտ են «ցավոտ» բարեփոխումներ, որոնք, ուզած, թե չուզած, վատ կանդրադառնան Փաշինյանի վարկանիշի վրա:
The Insider-ը գրում է, որ միայն ժամանակը ցույց կտա՝ պատրաստ է հեղափոխության՝ պոպուլիստական հայտարարությունների սիրահար առաջնորդը «ոչ պոպուլիստական» քայլերի, թե նախընտրում է նախկին իշխանությունների օրինակով «պահածոյացնել» խնդիրները՝ հետաձգելով դրանց լուծումը:
«Փաշինյանի համար խնդիր է նաև «կադրային քաղցը» ու իր թիմում փորձառու պրոֆեսիոնալների բացակայությունը: Նա ստիպված կլինի այս հարցը լուծել՝ հին իշխանության կադրերին իր մոտ բերելով, ինչն էլ կառաջացնի հեղափոխական աջակիցների դժգոհությունը»,- կանխատեսում է աղբյուրը:
Անդրադարձում խոսվում է նաև արցախյան հիմնախնդրի մասին: Նշվում է, որ ԼՂ շփման գծում տիրող ներկայիս լռությունը պայմանավորված է այն փաստով, որ Բաքուն սպասողական վիճակում է: Ադրբեջանն ակնկալում է, որ բնակչության ակնհայտ աջակցության շնորհիվ ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Փաշինյանը կարող է հստակ քայլեր ձեռնարկել հիմնախնդրի կարգավորման հարցում:
«Թեև Բաքուն հայկական կողմից միակողմանի զիջման ակնկալիք ունի, սակայն Փաշինյանն արդեն ընդգծել է, որ, ի տարբերություն իր նախորդի, ավելի կոշտ դիրքորոշում ունի այս հարցում: Ղարաբաղը այնքան մեծ կարևորություն ունի հայ հասարակության համար, որ Փաշինյանը դժվար թե համաձայնի զիջման՝ այն էլ միակողմանի կարգով»,-եզրափակում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ամփոփել է դեկտեմբերի 9-ի քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց՝ «Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%։