ՊՆ-ն փնտրում է արդիականացված ճաշարաններ ու որակյալ սնունդ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նպատակադրել է Զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում: Այս մասին ասված է Զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով հնարավոր գործընկերներին բացահայտելու փորձնական ծրագրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: Ծրագրի նպատակն է ապահովել սննդի բազմազանություն, որակ և անհրաժեշտ կալորիականություն՝ պահպանելով ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3–ի N 1456-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների պարենային ապահովության կարգը և չափաքանակները։