Թուրքիան Սև ծովի ափերին ռազմաբազա կհիմնի
Թուրքիայի ռազմածովային ուժերը մտադիր են Սև ծովի ափերին՝ Տրապիզոն նահանգի Չամբուրնու նավահանգստի մոտ ռազմաբազա հիմնել։
Նախատեսվում է, որ այնտեղ ծառայություն կսկսեն իրականացնել 400 թուրք զինծառայող և 200 տեխնիկական մասնագետ։ Ռազմաբազան զբաղեցնելու է 60քկմ ջրային տարածք։
Թուրքական աղբյուրի դիտարկմամբ՝ նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ղեկավարությունը Սև Ծովի Կերչի նեղուցում առաջացած ռուս-ուկրաինական լարվածությունից հետո պատրաստակամություն էր հայտնել ռազմանավեր ուղարկել սևծովյան ավազան։
Ընդհանուր առմամբ այս պահին Թուրքիայի ռազմածովային ուժերը ունեն 8 բազա, որոնցից 4-ը կառուցված է ծովի վրա։ 8 ռազմաբազայից 2-ը Էգեյան ծովում են, 2-ը՝ Միջերկրական ծովում, մեկական ռազմաբաներ կան Սև և Մարմարա ծովերում, ինչպես նաև Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներում։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ հայտնի էր դարձել, որ Թուրքիան ռազմածովային ուժերի որոշմամբ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին հիմնվելու է ռազմածովային բազա։
Աղբյուր` Milliyet