«Առաջին անգամ չմասնակցեց ընտրողների անգամ կեսը». «Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի թղթակից Յուրի Ռոքսն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ներկայացնելով «Փաշինյանի ակնկալված հաղթանակը կայացավ» վերտառությամբ հոդվածը:
Ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները՝ հեղինակն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ այս անգամ խորհրդարան անցան միայն այն ուժերը, որոնք աջակցել են «թավշյա հեղափոխությանը»:
«Իրական ընդդիմության դերին հավակնող Հանրապետական կուսակցությունը մնաց բորտից դուրս, ինչից հետո իրեն հռչակել է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ»,-հիշեցնում է Ռոքսը՝ հավելելով, որ իրադարձությունների նման զարգացումից հետո, խորհրդարանում ընդդիմություն կդառնան «ակնհայտ արևմտամետ» «Լուսավոր Հայաստան»-ն ու «վաղուց արդեն ռուսամետ ներկայացող» «Բարգավաճ Հայաստան»-ը:
Հոդվածագրի կարծիքով՝ միակ բանը, որ կարող էր հակասել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ակնկալիքներին ու առաջացներ նրա հիասթափությունը, դա ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշն էր:
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին արտահերթ ընտրություններ և պատմության մեջ առաջին անգամ դրանց մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից պակասը»,-գրում է Ռոքսը՝ նկատելով, որ միայն Փաշինյանի ակտիվության կոչից հետո ընտրողներն օրվա երկրորդ կեսին ինչ-որ չափով «աշխուժացան»:
Ռոքսը ենթադրում է, որ մասնակցության ցածր ցուցանիշի վրա ազդել է երկու գործոն՝ վատ եղանակն ու ընտրողների՝ Փաշինյանի և նրա դաշինքի հաղթանակում կասկած չունենալու փաստը:
«Ամեն դեպքում ինքը՝ հաղթողը, դեռևս դժգոհություն չի հայտնել այս առնչությամբ. առայժմ ամեն ինչ ընթանում է իր ծրագրածին համապատասխան»,-եզրափակում է Ռոքսը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ամփոփել է դեկտեմբերի 9-ի քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց՝ «Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%։