Երկու միանձնուհիներ Լաս Վեգասում խաղատանը զվարճացել են գողացված կես միլիոն դոլարով
Հարավային Քալիֆորնիայի Սուրբ Ջեյմսի կաթոլիկ դպրոցի երկու միանձնուհիներ խոստովանել են, որ հաստատության փողերը գողացել են Լաս Վեգասում խաղատանը խաղալու եւ ճանապարհորդելու համար, հայտնում է Daily Breeze պարբերականը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կանայք մտերիմ ընկերուհիներ են եւ միասին են աշխատել կաթոլիկ դպրոցում. նրանցից մեկը դպրոցի տնօրենն էր, մյուսը՝ դասավանդում էր տարրական դասարաններում: Նրանք այս տարի թոշակավորվել էին:
Հաստատության աշխատակիցները, ենթադրաբար, խաղատանը ծախսել են մոտ 500 հազար դոլար, որը գրեթե 6 տարում յուրացրել էին դպրոցական հիմնադրամի նվիրատվություններից:
Պարբերականը հայտնում է, որ միանձնուհիները համագործակցում են քննության հետ եւ ցանկանում են հաստատությանը պատճառած վնասը փոխհատուցել:
Նշվում է, որ խախտումները կարողացել են հայտնաբերել Սուրբ Հովսեփ դե Կարոնդելե քույրերի օրդենի կազմակերպած ստուգման շրջանակում: