Ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո 7-րդ օրը․ Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ-ն արդեն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, դրանից հետո նախատեսվում են մի շարք այլ քայլեր ևս՝ վերջնական արդյունքը արձանագրելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կառույցի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա, մասնավորապես ներկայացրեց, որ նախատեսվում է, որ էլեկտրոնային սարքավորման կրիչների վրա առկա տեղեկատվությունը դուրս կբերվի, ինչպես նաև կուսումնասիրվեն ընտրատեղամասերի գրանցամատյաններում առկա բոլոր գրառումները, դրանք կդարձվեն տարածքային հանձնաժողովների կողմից քննարկման առարկա, և դրանց հիման վրա կկայացվեն որոշումներ:
«Միաժամանակ այսօր և վաղը առավոտյան սահմանված է ժամկետ տարածքային ընտրական հանձնաժողովներ դիմումներ ներկայացնելու համար, որոնք կարող են վերաբերել վերահաշվարկի իրականացմանը, տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչմանը և միաժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելուն»,- ասաց նա՝ նշելով, որ դիմումների ներկայացման ավարտից անմիջապես հետո ԿԸՀ-ը կամփոփի ամբողջ տեղեկատվությունը և մինչ ընտրության արդյունքների ամփոփումը կներկայացնի ամփոփ տեղեկատվություն:
Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո 7-րդ օրը: Դրանից հետո կհայտարարվի ԱԺ առաջին նիստի օրվա մասին:
Խոսելով մանդատների բախշման մասին՝ նա նշեց, որ ձեռնպահ կմնա որևէ թիվ ներկայացնելուց: «Պետք է նկատի ունենանք, որ կան գործառույթներ, որոնց իրականացումը կարող է անդրադարձ ունենալ նաև այդ հարցերի վրա»,- ասաց նա:
Նա պարզաբանեց, թե ինչպես է լինելու մանդատների բաշխման սկզբունքը: «Նախ բաշխվելու են մանդատները այն ուժերի միջև, որոնք հաղթահարել են 5 կամ 7 տոկոսանոց շեմը: Դրանից հետո ԸՕ-ով ամրագրված 105 մանդատը համամասնորեն բաժանվում են այն ստացված ձայներին համապատասխան կուսակցությունների ու դաշինքների միջև, որոնք հաղթահարել են 5 տոկոսանոց շեմը, որից հետո արդեն ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, մյուս կեսը՝ տարածքային ընտրական ցուցակներին:
Տարածքային ընտրական ցուցակներում մանդատները բաշխելու համար ևս կիրառվում է բանաձև․ նախ որոշվել է տարածքային ընտրատարածքին հասանելիք մանդատների թիվը, և երբ արդեն պարզ կլինի, թե յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուրի տարածքներից որքան մանդատ է ստանալու, այնուհետ արդեն կորոշվեն կոնկրետ անձինք՝ ովքեր են ստանալու մանդատները՝ պայմանավորված այդ տարածքներում ստացած իրենց ձայների քանակով: Իսկ մանդատների որոշումը յուրաքանչյուրի տարածքի համար ընդունելու դեպքում հիմք է ընդունվելու տվյալ կուսակցության ստացած կողմ ձայները»,- ասաց նա:
Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ այս ընտրություններին ավելի պատասխանատու են վերաբերել: Մատնանշեց՝ հերթական ընտրություններից արտահերթ ընտրությունները տարբերվում են նրանով, որ նախապատրաստական շրջանի համար ավելի քիչ ժամանակ է տրամադրվում: «Միանշանակ մոտեցումը եղել է բարձր պատասխանատվությամբ, որպեսզի ընտրական գործընթացը կազմակերպվի ԸՕ-ի պահանջներին լիակատար համապատասխան, առանց որևէ ժամկետի խափանման»,- ասաց նա: