«Այն «Օսկար»-ի արժանանալու շանսեր ունի». Սերժ Թանկյանը` «Սպիտակ» ֆիլմի մասին (տեսանյութ)
Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ին՝ խոսելով 1988թ. ողբերգական երկրաշարժի մասին պատմող և Հայաստանի կողմից «Օսկար» մրցանակաբաշխությանը որպես լավագույն օտարալեզու ֆիլմ ներկայացված «Սպիտակ» կինոնկարի համար կատարած աշխատանքի մասին:
Թանկյանը, որը ֆիլմի երաժշտության հեղինակն է, նշել է, որ հավանական է, որ «Սպիտակ»-ն «Օսկար»-ի կարժանանա:
Երաժշտի խոսքով՝ «այն շատ զգայական ու յուրահատուկ ֆիլմ է, որը կհուզի ոչ միայն հայերին, այլև օտարազգի հանդիսատեսին, այդ թվում՝ կինոակադեմիայի անդամներին»:
«Ես միանշանակ կարծում եմ, որ հաղթելու շանսեր կան»,-ասել է Թանկյանը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ֆիլմի համար երաժշտություն գրելն ամենևին էլ հեշտ գործ չէր:
«Էմոցիոնալ առումով դա շատ բարդ էր: Ֆիլմի ռեժիսորը ցանկանում էր, որ այն ռեքվիեմ հիշեցներ, բայց միևնույն ժամանակ լիներ թեթև: Այդ տեսանկյունից հավասարակշռության պահպանումը բարդ էր»,-նշել է Թանկյանը՝ հույս հայտնելով, որ իրենց հաջողվել է ցանկալի արդյունքի հասնել: