Աբու Դաբիի օդանավակայանում ուղևորների քայլերն էլեկտրականության են փոխարկում
Աբու Դաբիի օդանավակայանում հետիոտնների համար նախատեսված անցում են գործարկել, որը թույլ է տալիս անցնող ուղևորների քայլերի էներգիան էլեկտրականության փոխարկել: Այս մասին հաղորդում է Arabian Business պարբերականը:
16 ք/մ տարածքով անցումը օդանավակայանի առաջին և երրորդ տերմինալների միջև է և օրական շուրջ ութ հազար մարդու քայլերի էներգիա է հավաքում: Ստացված էլեկտրաէներգիան օգտագործվում է անցումը լուսավորելու, ինչպես նաև քայլերի թիվը հաշվելու համար:
Անցումը ծածկված է միմյանց միացված եռանկյունաձև պանելներից, իսկ էլեկտրականությունը մշակվում է էլեկտրամագնիսային գեներատորների օգնությամբ: Անցումին մոտ տեղակայված են ինտերակտիվ էկրաններ, որոնք ցույց են տալիս ստացած էլեկտրաէներգիայի ծավալը: