Վրաստանի նախագահի փեսային սպառնում է 8 տարվա ազատազրկում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին: 29-ամյա Գոգոչուրին ձերբակալվել է անցած գիշեր, սեփական տանը: Նրա հետ միասին ձերբակալվել է բնակարանում գտնվող ոմն Գ․ Գ-ն, որը հետախուզվում էր ոստիկանության կողմից:
Գոգոչուրիի բնակարանի խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են զրահաբաճկոն: Տնամերձ հողատարածքում իրավապահները հայտնաբերել էին նաև բնակարանից նետված 2 ատրճանակ: Զենքերն ուղարկվել են փորձաքննության: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «հրազենի ապօրինի պահման» հոդվածով:
Մինդիա Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկին Մակի Չիչուայի դուստր Մաշո Չիչուայի ամուսինն է: Նրան սպառնում է 8 տարվա ազատազրկում:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի լիազորություններն ավարտվում են: Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա երկրի նորընտիր՝ հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը:
Նշենք, որ Վրաստանի ընդդիմությունը բազմիցս մեղադրել է Գեորգի Մարգվելաշվիլիին պաշտոնական դիրքի չարաշահման մեջ՝ փեսային քրեական տարբեր իրավիճակներից առանց համապատասխան պատժի ազատելու համար: