General Motors-ի հարյուրավոր հուսահատ աշխատակիցներ հավաքվել են ու աղոթել փակվող գործարանի մոտ (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան General Motors մեքենաշինական ընկերության հարյուրավոր աշխատակիցներ ու նրանց ընտանիքները հավաքվել են Օհայոյի Լորդսթաուն քաղաքում ու բոլորով աղոթել իրենց փակվող գործարանի մոտ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ընկերությունը պատրաստվում է մոտ 15.000 աշխատատեղ կրճատել Հյուսիսային Ամերիկայում ու հինգ գործարան փակել: Հայտնի է, որ գործարանների փակումը նախատեսված է հաջորդ տարի:
Փակվելիք գործարաններից մեկի հուսահատ աշխատակիցները չեն կարողացել զսպել հուզմունքն ու արտասվելով փաթաթվել են իրար:
«Բոլորս ցանկանում ենք պահպանել մեր աշխատատեղերը: Այս շաբաթ ստացած լուրերից հետո մեզ պետք է միասնական լինել: Մենք այս աղոթքը կազմակերպել ենք, քանի որ շուտով Սուրբ Ծնունդ է, ու մեզ հարկավոր է դրական լիցքերով լցվել, հաղթահարել այս ամենը»,-նշել է աշխատակիցներից մեկը:
Հայտնի է, որ ընկերությունն իր որոշումը պատճառաբանել է սեդանների վաճառքի ցուցանիշների անկմամբ ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած ներկրման մաքսատուրքերով:
Նախագահ Թրամփն արձագանքել է հայտարարությանը՝ ընդգծելով, որ դա իրեն «չի երջանկացնում»:
«Դա մեզ դուր չի գալիս: Այս երկիրն այնքան բան է արել General Motors-ի համար: Ճիշտ կանեն, եթե հնարավորինս արագ վերադառնան Օհայո»,- ասել է նախագահը:
Պարբերականը նկատում է, որ տվյալ հարցը կարևոր է Թրամփի համար, քանի որ նա ավելի վաղ ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ թույլ չի տա, որ նրանք գործազուրկ մնան: