Սինգապուրի օդանավակայանը վերածվել է Հարի Փոթերի կախարդական աշխարհի
Սինգապուրի Չանգի օդանավակայանը Սուրբ Ծննդի կապակցությամբ վերածվել է «Հարի Փոթերի» կախարդական աշխարհի, տեղեկացնում է Travel+Leisure-ը։
Օդանավակայանում կարելի է տեսնել Հոգսմիգ գյուղի կրկնապատկերը, երկաթուղային կայարանը, ուր ժամանում է Հոգվարդս-ճեպընթացը, ռազմատենչ ուռին: Իսկ տերմինալներից մեկը զարդարված է «Հարի Փոթերի» նախապատմության՝ «Առասպելական էակներ և որտեղ են նրանք բնակվում» ֆիլմի ոճով։ Ուղեւորները կարող են փորձել Հարիի թիկնոցը, զինվել կախարդական փայտիկով և հմտանալ քվիդիչ խաղի մեջ։
Օդանավակայանում բացվել են քաղցրավենիքի և կախարդական իրերի վաճառասրահներ։ Մինչև 2019թ.-ի փետրվարի կեսը Հարի Փոթերի կախարդական աշխարհը կուղեկցի օդանավակայանի ուղևորներին: