Իսկ ո՞վ է վարչապետի պաշտոնակատարի պաշտոնակատարը
«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում ընդգրկվածների զգալի մասը պետական պաշտոնյաներ են․ 24 տոկոսը կառավարության ներկայացուցիչներ են և պետական այլ կառույցների ղեկավարներ, նրանց տեղակալներ, 19 տոկոսը՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, 4 տոկոսը՝ ԱԺ ներկայիս պատգամավորներ։
Սա նշանակում է, որ պետական պաշտոնյաների որոշակի մասն առաջիկա օրերին ազատված են լինելու իրենց ծառայողական պարտականություններից։
Մասնավորապես, նման դրույթ է սահմանվում «Ընտրական օրենսգրքի» 91-րդ կետի երկրորդ մասով․ «Հանրային ծառայող հանդիսացող պատգամավորի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական կամ ծառայողական դիրքի առավելությունները:
Հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի` առանց վարձատրության պահպանման»:
Հատկանշական է, որ սույն դրույթը չի տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային Ժողովի պատգամավորների և կառավարության անդամների վրա։ Սակայն, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է արձակուրդ գնալու մասին։ Ընդ որում, որևէ մեկնաբանություն չի տրվել առ այն, թե ո՞վ է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին այս «արձակուրդի» ընթացքում, այլ կերպ ասած՝ ով է լինելու վարչապետի պաշտոնակատարի պաշտոնակատարը։ Մնում է ենթադրել, որ դա Արարատ Միրզոյանն է:
Լրագրողներին արդեն քանի օր իր «փակուղային հարցով» (այդ որ դրույթն է արգելում իրեն քարոզարշավ սկսել ժամանակից շուտ) շեղող Նիկոլ Փաշինյանը հիմա էլ արձակուրդ է վերցրել։
Այս քաոսում ոչինչ և ոչ-ոք իր տեղում չէ․
• «Նոր Հայաստանում» վարչապետի պաշտոնակատարը կարող է քարոզարշավ սկսել, երբ կամենա՝ առանց հաշվի առնելու, որ այդ կերպ խաթարվում է նախընտրական քարոզչության բուն նպատակը։ Էլ ինչի՞ համար է գրվել այդ հաստափոր Ընտրական օրենսգիրքը, որտեղ մանրամասն նկարագրվում է նախընտրական քարոզչություն սկսելու նրբություններն ու տրվող հնարավորությունները։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան գումար կխնայեինք պետբյուջեից, եթե այդ «անպետք» օրենսգիրքը պարզապես չկազմվեր։
• «Նոր Հայաստանում» նույն վարչապետը կարող է հրաժարական տալ և չգիտես՝ ո՛ր օրենքի ո՛ր դրույթով շարունակել պաշտոնավարել իբրև վարչապետի պաշտոնակատար։
• Այո՛, կարող է նաև երրորդ զավեշտը տեղի ունենալ՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տված մարդը, որ շարունակում է պաշտոնակատար մնալ նույն պաշտոնում նաև արձակո՛ւրդ է վերցնում ու միաժամանակ՝ շարունակում վարչապետի պաշտոնակատարի պաշտոնակատարի լիազորությունները։
Եթե այսքանից հետո որևէ մեկը կարող է այս նոր Ազգային Ժողովից սպասելիքներ ունենալ, նա խորը մոլորության մեջ է։ Պետական մտածողության նման տոտալ բացակայության պայմաններում և իրավական նորմերը կոպտորեն ոտնահարող քաղաքական ուժը չի՛ կարող ոչ միայն պետություն ղեկավարել, այլև դրա զարգացման որևէ ուղենիշ մշակել։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am