Մուկուչյանի ծափերի ներքո «Իմ քայլը» ժամանակից շուտ սկսել է քարոզարշավը
Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քարոզչական մեկնարկը դեռ չտրված՝ «Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն իսկ սկսել է քարոզչական արշավը։ Արդեն մի քանի օր է «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն այցելում է մարզեր, հանդիպում տեղի բնակչության հետ, զրուցում հուզող խնդիրների շուրջ, կոչ անում իրենց օգտին քվեարկել։
Երբ հեղափոխությունից առաջ ՀՀԿ-ն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից առաջ պաստառներ էր փակցնում, գործի դնում վարչական ռեսուրսը, ոչ միայն քաղաքացիները, այլև քաղաքական «ընդդիմադիր» հատվածը պարսավում էին այդ քայլը՝ համարելով պաշտոնական դիրքի չարաշահում։
«Նոր Հայաստանում» այլևս այդպես չէ․ քաղաքացիների մի լայն զանգվածն ու քաղաքական շրջանակները ոչ միայն չեն քննադատում այս քայլը, այլև հաճախ խրախուսում են։ «Լավ ա անում, բա լավ էր, որ էն ժամանակ...»,- ասում են և անցնում առաջ:
Հետաքրքիր տրանսֆորմացիա է՝ և՛ նոր իշխանությունների մտածելակերպում, և՛ հասարակության։ Փաստորեն, ժամանակին իրավիճակից դժգոհելու ողջ հարցը համակրանքի բացակայությամբ էր պայմանավորված․ Սերժ Սարգսյանի ու իր քաղաքական թիմի նկատմամբ զրո համակրանք էր և նրանց ցանկացած քայլ սվիններով էր ընդունվում, իսկ Փաշինյանի կողմից արվող գրեթե իդենտիկ քայլերը արժանանում են բուռն ծափողջյունների։
Ցանկացած հեղափոխություն դատապարտված է «Անասնաֆերմայի» հայտնի վերջաբանին, եթե տվյալ հեղափոխությունն իրականացնող հասարակության մոտ տեղի չի ունեցել քաղաքացիական գիտակցության զարթոնք։ Հեղափոխություն ապրած երկրները հաջողություն են ունենում, եթե կարողանում են հաղթահարել հետհեղափոխական էմոցիոնալ ֆոնն ու գնում դեպի ռացիոնալ լուծումներ։
Այսօր Հայաստանում, ցավոք, դեռ տեղի չի ունեցել այդ քաղաքացիական գիտակցության փոփոխությունը։ Մարդիկ կուրորեն հավատում են Նիկոլ Փաշինյանին։ Զավեշտն այն է, երբ վարչապետի պաշտոնակատարը բառացիորեն հայտարարեց, թե կաշառք առաջարկողի «ձեռքերն է կտրելու» և միաժամանակ տեղեկացրեց, որ հանվելու է տաքսիստների լիցենզիայի վարձը, ոչ մեկի մոտ հարցադրում չառաջացավ․ սա ի՞նչ է, եթե ոչ անուղղակի կաշառք՝ ընտրություններից առաջ։
Եվ այս էմոցիոնալ բեռով, առանց մեկ կաթիլ ռացիոնալիզմի գնում ենք նոր Խորհրդարան ձևավորելու ճանապարհով։ Խորհրդարան, որն առաջիկա հինգ տարում վճռելու է Հայաստան պետության ճակատագիրը։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am