«Այլևս ոչ մի մագլցող». ներգաղթյալների «քարավանին» ընդունել չցանկացող Թրամփը հրապարակել է Մեքսիկայի հետ «փշալարապատ» սահմանի լուսանկարը (Լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Մեքսիկայի հետ սահմանին քաշված նոր փշալարային պատնեշի լուսանկարրը՝ հայտարարելով, որ այլևս ոչ մի ներգաղթյալ չի կարողանա մագլցել դրա վրայով:
Daily Mail-ը հիշեցնում է, որ սահմանային անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Հարավային Ամերիկայից դեպի ԱՄՆ սահման շարժվող ներգաղթյալների «քարավանի» պատճառով: Օրերս համացանցում տեսանյութեր էին տարածվել այն մասին՝ ինչպես է մի քանի ներգաղթյալ մագլցում սահմանային պատնեշի վրա ու փորձում Միացյալ Նահագների տարածք անցնել:
«Կեղծ լրատվամիջոցները տարածում են պատնեշը մագլցող ներգաղթյալների մասնակցությամբ հին տեսանյութեր: Իրականում պատկերն այսպիսին է. այլևս ոչ մի մագլցող մեր վարչակազմի օրոք»,-հրապարակած լուսանկարին կից գրել է Թրամփը:
Պարբերականը մանրամասնում է, որ ներկայում ԱՄՆ-ի հետ սահմանակից մեքսիկական Տիխուանա քաղաքում մոտ 3.000 հոնդուրասցի ներգաղթյալ կա: Նրանք ցանկանում են ապաստան ստանալ ԱՄՆ-ում: Ակնկալվում է, որ այս շաբաթվա ընթացքում Տիխուանա կհասնի ևս 1.500 ներգաղթյալ:
Հայտնի է, որ Թրամփն ավելի վաղ սահմանին 100 ամերիկացի զինծառայող էր տեղակայել՝ «քարավանի» մուտքը կանխելու նպատակով:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն յոթ ժամով փակել է Մեքսիկայի հետ ամենաակտիվ սահմանային անցակետը, որպեսզի անվտանգության պատնեշներ տեղադրի: Այս քայլը ձեռնարկվել է տեղեկությունների ֆոնին, որ Տիխուանայում գտնվող ներգաղթյալները պատրաստվում են «գրոհել»:
Հայտնի է, որ տվյալ անցակետով օրական 110.000 մարդ ու մոտ 40.000 մեքենա է մտնում ԱՄՆ: