«Վրաստանն ունի երկու թշնամի՝ ռուսական օկուպացիան և աղքատությունը». վարչապետ Բախտաձե
Վրաստանն ունի երկու թշնամի՝ ռուսական օկուպացիան և աղքատությունը: Այդ մասին հեռուստաեթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է apsny.ge կայքը:
Ըստ վարչապետի՝ աղքատության հիմնական պատճառներից մեկը քաղաքացիների կուտակած չափից մեծ պարտքերն են, որոնք իրենց հերթին արդյունք են նախորդ իշխանությունների որդեգրած վարկային սխալ քաղաքականության:
«Աղքատության հաղթահարման հարցում մենք ունենք առաջընթաց, սակայն, ցավոք, մեր բնակչության ավելի քան 20 տոկոսը շարունակում է առաջվա պես ապրել աղքատության պայմաններում», - ասել է Բախտաձեն:
Նա շեշտել է, որ նման ծավալի խնդիրը պահանջում է համակարգային լուծում և չի կարող հաղթահարվել մեկանգամյա քայլերով:
«Այդ խնդիրը կուտակվել է տարիների ընթացքում և բաժին հասել մեզ պատմականորեն», - ասել է վարչապետը: