«Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների հետ (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի Անկախության պալատում հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա մասնակիցների հետ, գրում է «БЕЛТА» գործակալությունը:
«Դուք արդեն հաղթողներ եք»,- երեխաների հետ հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն՝ շեշտելով, որ նման տարիքում միջազգային նման մրցույթի մասնակցելն արդեն իսկ մեծ ձեռքբերում է:
«Դուք արդեն պետք է ուրախ և գոհ լինեք, որ հաղթել եք ձեր երկրներում, դե իսկ այստեղ՝ ում բախտն ինչպես բերի», - նշել է մրցույթն այս տարի հյուրընկալող երկրի նախագահը՝ հավելելով, որ «կհաղթի միայն ուժեղագույնը»:
Լուկաշենկոն նաև դիմել է Բելառուսի մասնակից Դանիել Յաստրեմսկիին՝ հետաքրքրվելով, թե ինչ արդյունք է ակնկալում իր ելույթից: Բելառուսի մասնակիցն ասել է, որ ամեն ինչ կանի Բելառուսն ըստ արժանվույն ներկայացնելու համար:
«Եթե դու պարտվես Հայաստանից մեր ընկերոջը, կամ ռուսաստանցուն, կամ ուրիշ որևէ մեկին՝ սարսափելի ոչինչ չկա, չէ՞ որ մենք տանտիրոջ կարգավիճակում ենք: Սակայն եթե, ամեն դեպքում, հաղթես՝ ես քեզ ներում եմ», - կատակել է Բելառուսի ղեկավարը:
Ի պատասխան հարցին, թե արդյոք Լուկաշենկոն ներկա կգտնվի «Եվրատեսիլ»-ին՝ նախագահը նշել է. «Նույնիսկ եթե չգամ՝ ես ամեն բան կտեսնեմ»:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը կանցկացվի նոյեմբերի 25-ին, կմասնակցի 20 երկիր՝ այդ թվում Հայաստանը ներկայացնող L.E.V.O.N.-ը: Ի դեպ, մրցույթի քվեարկության կարգը նախորդ տարվանից փոխվել է. ամեն երկիր կարող է ձայն տալ իր մասնակցին առցանց քվեարկության միջոցով։ Քվեարկության մեկնարկը կտրվի նոյեմբերի 23-ին www.junioreurovision.tv կայքով։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել 1 անգամ` նվազագույնը 3, առավելագույնը 5 մասնակցի օգտին։ Երկրպագուները երկրորդ անգամ քվեարկելու հնարավորություն կունենան մրցույթի բոլոր ելույթներից հետո` 15 րոպեի ընթացքում։ Հաղթողը կընտրվի ժյուրիի և առցանց քվեարկության միասնական արդյունքով` 50/50 հարաբերակցությամբ։