Հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենն ԱՄՆ-ն լքել չի պատրաստվում
Ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր ու ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենն իր բնակության վայրը փոխել չի պատրաստվում, նա շարունակում է ապրել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է գյուլենական շարժման «կորիզը» համարվող Alliance for Shared Values կազմակերպության տնօրեն Ալփ Ասլանդողանը:
Գյուլենը Թուրքիայում մեղադրվում է 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: Թուրքիան պարբերաբար պահանջել է Գյուլենի արտահանձնումն ԱՄՆ-ից, սակայն՝ դեռևս ապարդյուն:
Այս տարվա հոկտեմբերի 3-ին անհայտ անձը փորձել էր ներթափանցել Գյուլենի տան տարածք: Անվտանգության աշխատակցի նախազգուշական կրակոցից հետո տղամարդը փախուստի էր դիմել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չէր տուժել:
«Գյուլենն ապրում է Փենսիլվանիայում գրեթե երկու տասնամյակ և չի պատրաստվում փոխել իր բնակության վայրը», - ասել է Գյուլենի աջակից Ասլանդողանը՝ միաժամանակ չբացառելով, որ հարձակման փորձը նախաձեռնվել է թուրքական իշխանությունների անմիջական մասնակցությամբ:
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին:
Ավելի վաղ մամուլում հայտնվել էին լուրեր, ըստ որոնց՝ ԱՄՆ-ն կարող է դիտարկել Գյուլենի արտահանձնումը որպես Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի ֆոնին Էր Ռիադի ու Անկարայի միջև առաջացած ճգնաժամը հարթելու միջոց: