«Եթե Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի՝ Վանի օդանավակայանը կարող է ամենամեծը լինել Թուրքիայում». Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի զբոսաշրջության և մշակույթի նախարարության վարած քաղաքականությունը՝ Արևմտյան Հայաստանի զբոսաշրջային քաղաքների, մասնավորապես՝ Վանի ու դրա պատմամշակութային ժառանգության օգտագործման առնչությամբ:
Փայլանը նշել է, որ Թուրքիան կարող է Հայաստանի ու Վրաստանի հետ համատեղ նախագծերի իրականացման շնորհիվ Վանի օդանավակայանը երկրում ամենախոշորը դարձնել իր տարողունակությամբ:
«Դուք Վանի նահանգի հետ կապված ոչ մի տեսլական չեք զարգացրել: Մինչդեռ Վանի օդանավակայանը կարող է իր տարողունակությամբ գերազանցել Անթալիայի օդանավակայանին: Եթե այնտեղ պրոֆեսիոնալ նախագիծ ներկայացվի, Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի՝ Վանի օդանավակայանը կարող է ամենամեծը լինել Թուրքիայում: Վանի Էրդեմիթ (Արտամետ) շրջանն իսկական դրախտավայր է: Այստեղ 4000 տարվա ուրարտական թագավորության պատմություն կա: Արշիլ Գորկու գյուղը կա, հայկական եկեղեցիներ կան: Սակայն ի՞նչ է անում ձեր նշանակած պետական պաշտոնյան, հայկական գերեզմանատան վրա զուգարան է սարքում», - ասել է հայ պատգամավորը:
Փայլանը նաև քննադատել է Զբոսաշրջության և մշակույթի նախարարությանն իրենց հովանավորությամբ ստեղծվող թուրքական սերիալների համար, որոնք, ըստ հայազգի պատգամավորի, ատելություն են սերմանում Թուրքիայում ապրող այլազգիների նկատմամբ:
«Օրինակ՝ Աբդուլ Համիդի մասին սերիալը: Ֆիլմում բոլորը թուրք են, իսկ թուրք չհանդիսացողները դավաճանությունների մեջ են:
Նույնն էլ Էրթուղրուլի մասին հեռուստասերիալը: Եթե դուք ասում եք, թե բոլորը թուրք են, իսկ հայն ու հրեան միայն դավաճան են՝ ատելություն եք սերմանում: Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը պետք է քննության առնի այս ամենը»,- ասել է պատգամավորը: