Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել բանտում
Մոսկվայի կենտրոնում 2016թ.-ին բանկի մասնաճյուղ գրաված ու պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել Պենզայի մարզի գաղութում: Նա պահանջել է իրեն որպես Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից տեղափոխել գաղութի «կարմիր» գոտի, հայտնում է 360tv.ru-ն՝ հավելելով, որ կալանավորները, իմանալով նրա «ոստիկանական անցյալի» մասին, սկսել են ծաղրել նրան: Այդ մասին լրատվամիջոցին պատմել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը:
«Վերջին անգամ նա կապի է դուրս եկել անցած երկուշաբթի: Նա ասաց, որ հացադուլ կհայտարարի: Դրա համար կա մի քանի պատճառ»,- ասել է Մալցևը:
Առաջին հերթին, ըստ Պետրոսյանի, որպես ՀՀ ՆԳՆ նախկին սպա, նա պետք է իր պատիժը կրի «կարմիր», այլ ոչ «սև» գոտում: Նաև Պետրոսյանի թիմը հայց է ներկայացրել ռուսական РЕН ТВ հեռուստաալիքի դեմ, որի ծրագրերից մեկում բանկ գրաված Պետրոսյանի դատավճռի էությունը խեղաթյուրել են:
Գործարար Արամ Պետրոսյանը 2016 թվականի օգոստոսին ներխուժել էր «Սիթիբանկ»-ի մասնաճյուղերից մեկն ու պատանդներ վերցրել: Մեկ տարի անց նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Նա նման քայլի էր դիմել իր բիզնեսում առաջացած խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար: