Տաքսու վարորդը ուղեւորին դրամապանակը վերադարձնելու համար 8 ժամ սպասել է
Մոսկվայում տաքսու վարորդը, ով Ղրղզստանից էր, ութ ժամ սպասել է ուղեւորին, որպեսզի նրան վերադարձնի մոռացած դրամապանակը։ Աղջիկն այդ մասին պատմել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնում է Lenta-ն։
Վարյա Բորցովան Մոսկվա է ժամանել առավոտյան հինգին եւ տաքսիով տուն է գնացել։ Հաջորդ օրը ցերեկը ժամը մեկին արթնանալով՝ նա նկատել է, որ դրամապանակը՝ գումարով, փաստաթղթերով եւ բանկային քարտերով, թողել է մեքենայի մեջ։ Աղջիկը փորձել է գտնել վարորդին, սակայն ապարդյուն։ «Հաջորդ կես ժամը ես տագնապահար պատկերացնում էի, թե ինչպես է ռուսական մաֆիան գողացել իմ անձը եւ Սոչիում իմ խնայողություններով երեկո կազմակերպել»,- գրել է Բորցովան։ Երբ նրա հայրը նայել է լուսամուտից, մուտքի մոտ ինչ-որ տղամարդու է տեսել, ով, պարզվել է, տաքսու վարորդն է։
Հայտնաբերելով մոռացված դրամապանակը՝ տղամարդը եւս կապվել է տաքսու իրենց ծառայության հետ, սակայն աղջկա տվյալները պահպանված չեն եղել։ Այդ ժամանակ նա վերադարձել է ուղեւորուհու շենքի մոտ եւ այնտեղ ավելի քան 8 ժամ սպասել։ Երբ Բորցովան վերջապես դուրս է եկել, նրանք երկուսն էլ հուզվել են։ «Ինչքա՞ն կարող եք քնել։ Ես սառել եմ»,- ասել է վարորդը։ Որպես երախտագիտության նշան՝ աղջիկը նրան իր վճարից հինգ անգամ ավել գումար է վճարել։