Թրամփն Իրանի թեմայի շուրջ հեռախոսով «կռվել» է Մեյի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իր կուսակիցների՝ հանրապետականների արձանագրած հաջողությունների կապակցությամբ շնորհավորական հեռախոսազանգ է ստացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից:
Սակայն, ինչպես նշում է The Washington Post-ը, Թրամփը վարչապետի դրական զանգին պատասխանել է բարկության պոռթկումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփը հեռախոսազանգը ստացել է նախագահական օդանավում գտնվելու ժամանակ:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը բարկացել է Մեյի վրա Իրանին զսպելու հարցում բավականաչափ ջանք չգործադրելու համար:
Բացի այդ, Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին հարցեր է տվել «Բրեքզիթ»-ից ու բողոքել եվրոպական երկրների հետ, իր կարծիքով, անարդար առևտրային գործարքներից:
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին անգամը չէ, երբ Մեյը Թրամփի վատ տրամադրության «զոհ» է դառնում: