«Միս քիչ կերեք». թուրք նախարարը քաղաքացիներին առաջարկել է երկրում անասնաքանակի պակասի խնդրի լուծման իր տարբերակը
Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին երկրում անասնաքանակի՝ մսի ներքին սպառման պահանջարկը չբավարարելու խնդիրը լուծելու համար առաջարկել է պարզապես միս քիչ ուտել, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
«Եթե տավարի ու գառան մսի փոխարեն ավելի շատ ձուկ, հավ ու հնդկահավ փորձենք ուտել, ապա այս հարցը կլուծվի: 2002 թվականի դրությամբ քաղաքացիները միջինն ամսական 6 կգ միս էին ուտում, հիմա՝ 15 կգ: Բայց պետք չէ մոռանալ նաև առողջության մասին: Եկեք մի փոքր քիչ միս ուտենք, դիետոլոգներն էլ են դա ասում», - ասել է թուրք նախարարը:
Փաքդեմիրլիի այս խոսքերը քննադատության են արժանացել հատկապես ընդդիմադիր մամուլում:
Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան պետք է ձկնամթերքի արտահանման ծավալները կրկնապատկի:
«Հրահանգել եմ 280.000 տոննա ծովամթերքի արտահանման ծավալը մինչև 2023 թվական հասցնել 600.000 տոննայի»,- ասել է Փաքդեմիրլին: