Կին վարորդը բախվել է շուկայի սեղաններին. նա 2 երեխաների հետ հիվանդանոցում է

Երեւանում, նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:15-ի սահմաններում, 29-ամյա Ռիմա Վ.-ն՝ իր վարած Toyota Vitz մակնիշի 35 ՍR 844 համարանիշի ավտոմեքենայով Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում՝ գյուղատնտեսական բացօթյա շուկայի մոտ, բախվել է եռագույն դրոշի բետոնե հատվածին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը եւ նրա 2 մանկահասակ երեխաները տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Աղբյուրը հայտնում է, որ բետոնե հատվածին բախվելուց հետո երկաթյա մի քանի դետալ վնասել են վթարի վայրում կայանված ՎԱԶ-2106 մակնիշի 35 TС 396 համարանիշի ավտոմեքենայի հետնամասը: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենան մինչեւ բետոնե հատվածին բախվելը հարվածել ու շուռ է տվել գյուղմթերքների առեւտրով զբաղվող մի քանի քաղաքացիների սեղանները: