«Երկու ժողովուրդ, մեկ սահման». թուրքական կայքը՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող Կարսի գյուղերից մեկի կյանքի մասին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է Թուրքիայի տարածքում գտնվող Կարս նահանգի Դիգոր շրջանի հին հայկական գյուղերից մեկի այժմյան կյանքը՝ պատմելով Ցեղասպանությունից հետո դատարկված գյուղի նոր բնակիչների մասին:
«Երկու ժողովուրդ, մեկ սահման» վերնագրով հոդվածում Հայաստանի Հանրապետության սահմանին շատ մոտ գտնվող գյուղի բնակիչ քրդերը փաստում են, որ մեկ դար շարունակ համայնքում որևէ նոր շինություն չի կառուցվել.
«Մենք դեռ նրանց (հայերի- tert.am) տանիքների տակ ենք ապրում», - պատմում են գյուղացիները, որոնց պապերն այս գյուղ են բերվել Հայոց ցեղասպանությունից հետո:
Այժմ գյուղում կա ընդամենը 40 տուն:
Երեք հարյուր մետր խորության վրա՝ ձորի մեջ ժամանակին հիմնված այս բնակավայրը Հայաստանից բաժանում է Արփաչայ գետը:
«Եթե հիմա բղավեմ՝ այն կողմում կլսվի: Սահմանին գտնվող գյուղերի մեղվապահների մեղուները գնում, նրանց ծաղիկներից են նեկտար հավաքում, նրանցը՝ մեր կողմի ծաղիկներից: Մենք ուտում ենք նրանց ծաղիկների մեղրը, նրանք էլ՝ մեր: Երբեմն, երբ գետի ջրի մակարդակը իջնում է, մեր անասունները անցնում են այն կողմ, նրանք հետ են ուղարկում կենդանիներին: Մեր միջև լուռ ու շատ գեղեցիկ մի հարաբերություն կա», - պատմում է գյուղի բնակիչներից Ֆևզի Շահինը: