Ավստրիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնությունում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Այգները կանչվել է արտգործնախարարություն՝ կապված պաշտոնական Վիենայի վերջին հայտարարությունների հետ, ըստ որոնց՝ Ավստրիայի ԶՈւ-ի նախկին գնդապետերից մեկը տարիներ շարունակ լրտեսությամբ է զբաղվել Ռուսաստանի օգտին:
Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, Ավստրիայի դեսպանը ԱԳՆ կայցելի այսօր:
Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ լրտեսության համար կասկածվող ավստրիացի նախկին բարձրաստիճան զինվորականը ձերբակալված է, նրա դեմ գործ է հարուցվել:
Առկա տվյալների համաձայն՝ ԶՈւ-ի նախկին գնդապետը հօգուտ Ռուսաստանի լրտեսական գործունեություն է ծավալել 1990-ականներից սկսած ընդհուպ մինչև 2018 թվական:
Գնդապետին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ:
Հայտնի է, որ գնդապետն ամեն երկու շաբաթը մեկ կապ էր հաստատում ռուսական կողմի, մասնավորապես՝ Յուրի անունով մեկի հետ: Հայտնի է, որ գնդապետը Մոսկվայի համար աշխատելու դիմաց 300.000 եվրո է ստացել:
Ավստրիայում ՌԴ դեսպանատունն ու արտաքին հետախուզության ծառայությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարին Քնայսլն այս առիթով չեղարկել է իր ռուսաստանյան այցը: Բացի այդ, այսօր արտգործնախարարություն է կանչվել երկրում ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը: