ՄԱԿ-ը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները
«Իրանին լիակատար առևտրային բլոկադայի ենթարկելուն ուղղված պատժամիջոցները խաղաղ բնակչության դեմ ուղղված տնտեսական պատերազմ են, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Իդրիսս Ջազաաիրին ՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ -ի կիրառած պատժամիջոցների մասին:
Զեկուցողը հիշեցրել է, որ պատժամիջոցների խստացումից հետո դեպի Թեհրան հումանիտար բեռնափոխադրումները բարդացել են, թեև դրանց դեպքում պետք է բացառություններ արվեն: Խոսքը, մասնավորապես, սննդամթերքի և դեղամիջոցների մասին է, որոնք դժվարությամբ են տեղ հասնում, քանի որ բանկերը, փոխադրող ու ապահովագրական ընկերությունները պետք է լրացուցիչ թույլտվություններ ստանան:
«Ես չափազանց մտահոգված եմ այն փաստից, որ աղքատ բնակչությունը ստիպված է կրել այդ պատժամիջոցների ազդեցությունը: Բազմաթիվ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը, տուժում է տնտեսությունը: Պետք է հարգել պետություների՝ իրար հետ չհամաձայնելու իրավունքը, մարդկանց իրավունքների ոտնահարումը չպետք է օգտագործվի որպես պետության դեմ քաղաքական ճնշման միջոց: Դա անօրինական է միջազգային և մարդու իրավունքների տեսանկյունից»,- հայտարարել է Իդրիսս Ջազաաիրին:
Անգամ պատերազմի ժամանակ, Ժնևյան հանաձայնագրերի համաձայն, պետք է ապահովվի խաղաղ բնակիչների պաշտպանությունը և սննդամթերքի, բժշկական ծառայությունների մատչելիությունը:
«Տնտեսական պատժամիջոցներից մարդիկ են տուժում: Նրանք մահանում են սննդի ու դեղորայքի պակասից: Այդ տնտեսական պատերազմը պետք է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինի այնպես, ինչպես մյուս հակամարտությունները»,- ասել է զեկուցողը:
Պետությունները պետք է հատուկ հայտարարագիր մշակեն, որը կարգելի պատժամիջոցների օգտագործումն՝ ի վնաս խաղաղ բնակիչների և կպաշտպանի մարդկանց տնտեսական մեկուսացման ժամանակ: Նա առաջարկել է միջնորդ դառնալ ԱՄՆ -ի և Իրանի միջև, որպեսզի կարգավորվեն դեպի Իրան սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումները: