Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը չեղյալ է հայտարարել այցը Ռուսաստան «լրտեսական սկանդալի» պատճառով
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուցը հայտարարել է, որ ԱԳ նախարար Կարին Քնայսլը չեղարկել է իր այցը ՌԴ լրտեսական սկանդալի պատճառով:
Բանն այն է, որ Ավստրիայի զինված ուժերի նախկին գնդապետին կասկածում են Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեության մեջ: Մինչ այդ նախատեսված էր, որ արտգործնախարարը Ռուսաստան կայցելի դեկտեմբերի 2-3-ը: «Այժմ արդարադատությունը պետք է բացահայտի՝ հաստատվո՞ւմ է կասկածը, թե՞ ոչ: Հետագա գործողությունները մենք կքննարկենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է Կուցը:
Ավելի վաղ Kronen Zeitung պարբերականը հաղորդել էր, որ Ավստրիայի զինված ուժերի նախկին գնդապետը ձերբակալվել է 20 տարի շարունակ Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեություն ծավալելու կասկածանքով: ՌԴ-ի դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդումները:
Ըստ թերթի տեղեկությունների՝ գնդապետը պետք է տեղեկություններ հավաքեր Ավստրիայի ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ: